Posted in հայոց պատմություն

Անկախության ՀՀ հռչակագիր

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականին, հռչակագրի տեքստն ընթերցել է ՀՀՇ-ական պատգամավոր Արամ Մանուկյանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հռչակագիրն ընթերցելիս ծնկները դողացել են։

Պատմական այդ փաստաթուղթն առաջինն ընթերցելու պատիվն Արամ Մանուկյանին էր տրվել անուն-ազգանվան համար. 1918-ի գարնանը կազմավորված Առաջին Հանրապետության իրական հիմնադիրը Արամ Մանուկյանն էր: 1990-ի խորհրդարանական ընտրություններով Հայաստանում փաստացի իշխանության եկած ՀՀՇ-ն փորձում էր միմյանց կապել Առաջին և Երրորդ Հանրապետությունները:

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հետ կազմում է ՀՀ հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։

Posted in հայոց պատմություն

Գարեգին Նժդեհ 1906-1921թթ․

Գարեգին Նժդեհ (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (դաս. ուղղ.՝ Գարեգին Տէր-Յարութիւնեան) կամ՝ Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, հունվարի 1, 1886[1], Կզնուտ, Երևանի նահանգ — դեկտեմբերի 21, 1955, Վլադիմիրյան ցենտրալ բանտ, Վլադիմիր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։

907 թվականին մտել է ՀՅԴ շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի՝ մեկնել է Բուլղարիա։

1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության) բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։ Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է[4]։ Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթական մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան Երկրորդ պատերազմին (քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ «շահավետ» էր թուրքերի համար) և 1913 թվականին զորացրվել է։

Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադարձել է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Պատերազմի սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, իսկ հետո հայ-եզդիական առանձին մի զորամասի հրամանատար։

1917 թվականին սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, լինելով զորավար Դրոյի օգնականը, 1918 թվականի գարնանը վարել է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն է ստեղծել նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնել Ալեքսանդրապոլ, միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։

Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջել է Վանաձոր (Ղարաքիլիսա)։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Ղարաքիլիսայի եռօրյա հերոսամարտով՝ հայությունը հաստատել է իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է Նժդեհը) արժանացել է ամենաբարձր՝ քաջության շքանշանի։