Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը:
Հայաստանի Հանրապետության` 1992թ. հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի պատասխան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր 1992թ. հունվարի 29-ի 3035-րդ նիստի ընթացքում ընդունեց 735-րդ բանաձևը հանձնարարելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամագրել ՀՀ համաձայն վերջինիս 1992թ. հունվարի 23-ի դիմումի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992թ. մարտի 2-ին` իր 46-րդ նստաշրջանում 46/227 բանաձևով հաստատեց ՀՀ անդամակցությունը:
1992թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը Հայաստանում հիմնեց իր գրասենյակը: 1995թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխվեց Երևանի կենտրոն՝ Պետրոս Ադամյան 14 հասցեով: 1998թ. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հաստատվեց որպես ՄԱԿ-ի շենք:
ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։
Ի հավելումն՝ Համաշխարհային բանկը , Միջազգային ֆինանսական կորպորացիան և Արժույթի միջազգային հիմնադրամը ևս գրասենյակներ ունեն երկրում: