Հ ո դ վ ա ծ 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:
Հ ո դ վ ա ծ 6
- Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք:
- Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:
Հ ո դ վ ա ծ 11
- Մասնակից պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:
- Այդ նպատակով մասնակից պետությունները նպաստում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կնքմանը կամ գործող համաձայնագրերին միանալուն:
Հ ո դ վ ա ծ 14
- Մասնակից պետությունները հարգում են երեխայի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:
- Մասնակից պետությունները հարգում են ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների իրավունքն ու պարտականությունները՝ երեխայի զարգացող ընդունակություններին համապատասխան, ուղղություն տալու երեխային իր իրավունքներն իրականացնելիս:
- Իր կրոնը կամ հավատը դավանելու ազատությունը կարող է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության բարոյականության և առողջության կամ այլ անձանց հիմնարար իրավունքների կամ ազատությունների պաշտպանության համար:
Հ ո դ վ ա ծ 15
- Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
- Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այնպիսիներից, որոնք սահմանվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են ի շահ ազգային անվտանգության կամ հասարակական ապահովության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության:
Հ ո դ վ ա ծ 16
- Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
- Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի:
Հ ո դ վ ա ծ 25
Մասնակից պետությունները ճանաչում են խնամելու, պաշտպանության կամ ֆիզիկական, կամ հոգեկան հիվանդությունների բուժման նպատակով իրավասու մարմինների կողմից տեղավորված երեխայի իրավունքը՝ պարբերաբար վերանայելու երեխայի բուժման ընթացքը և իր տեղավորման հետ կապված մյուս բոլոր հանգամանքները:
Հ ո դ վ ա ծ 31
- Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին ու զվարճալի միջոցառումներին և մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու և արվեստով զբաղվելու իրավունքը:
- Մասնակից պետությունները հարգում և խրախուսում են երեխայի՝ մշակութային և ստեղծագործական կյանքին բազմակողմանիորեն մասնակցելու իրավունքը և նպաստում են մշակութային ու ստեղծագործական գործունեության, հանգստի և ժամանցի համար համապատասխան և հավասար հնարավորությունների տրամադրմանը:
Հ ո դ վ ա ծ 33
Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, ներառյալ՝ օրենսդրական, վարչական, սոցիալական և կրթական միջոցները, որպեսզի երեխաներին պաշտպանեն թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի օգտագործումից, ինչպես դրանք սահմանված են միջազգային փաստաթղթերում, և կանխեն երեխաների ներգրավումն այդպիսի նյութերի ապօրինի արտադրության ու առևտրի մեջ: