Posted in Առցանց ուսուցում, Էկոլոգիա

Կլիմայի փոփոխություն 2

Վերջին 100 տարիներին երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1° C-ով և շարունակում է բարձրանալ։ Դրա արդյունքում հաճախակիացել և ուժգնացել են կլիմայական վտանգավոր երևույթները՝ փոթորիկները, ջրհեղեղները, կարկտահարումները, սաստիկ ձմեռները, չափազանց շոգ ամառները, երաշտը:

Երկրի և մթնոլորտի ջերմաստիճանը պահպանվում է ջերմոցային գազերի միջոցով, որոնք խոչընդոտում են Երկրից ջերմության արագ հեռացմանը տիեզերք՝ ստեղծելով ջերմոցային էֆեկտ։

Ջերմոցային գազեր են ածխածնի երկօքսիդը, մեթանը, օզոնը, ինչպես նաև ազոտի երկօքսիդը, ֆրեոնները։

Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառը արդյունաբերական շրջանում հանածո վառելիքի (գազի, նավթի և ածուխի) այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։

Ըստ ԱՄՆ-ի Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության ազգային վարչության (NOAA)՝ դիտարկված 138 տարիներից ամենատաքը եղել է 2016թ-ը, երկրորդը՝ 2015թ-ը, երրորդը՝ 2017-ը: Այս ցուցանիշներն արդեն փաստում են գլոբալ տաքացման մասին:

Կլիմայական մոդելների համաձայն` գլոբալ միջին ջերմաստիճանը մինչև 2100թ-ը մոտավորապես կաճի 1.4 – 5.8° C-ով: Սա վտանգավոր է, քանի որ մթնոլորտի՝ անգամ 2 աստիճան տաքացումն արդեն կարող է աղետաբեր լինել մոլորակի համար. սառցադաշտերի հալոցքը կարագանա, կտրուկ կբարձրանա ծովի մակարդակը, կվնասվի բուսական և կենդանական աշխարհը: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նաև նոր հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը:

Գլոբալ տաքացումը չի շրջանցում նաև Հայաստանը։ Կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանն առավել զգայուն է խոցելի էկոհամակարգերի, կլիմայի չորության և հաճախակի նկատվող տարերային աղետների պատճառով։ Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ծայրահեղ եղանակային երևույթները՝ երաշտ, ցրտահարություն, կարկտահարություն, սելավ, ջրհեղեղ, ուժեղ քամի, անտառային հրդեհ։

Ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում

2010թ-ին Հայաստանում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները 1990թ. համեմատ կրճատվել են 70%-ով, իսկ 2000թ. համեմատ` աճել են 26%-ով։ Ջերմոցային գազերի կեսից ավելին բաժին է ընկնում ածխաթթու գազին։ Ջերմոցային գազերի արտանետման հիմնական ոլորտներն են էներգետիկան և գյուղատնտեսությունը։

Ինչպես կանխարգելել կլիմայի վտանգավոր փոփոխությունները

Կլիմայի փոփոխության վրա տարբեր չափաբաժիններով ազդեցություն ունեն մարդու գործունեության բոլոր ոլորտները։ Գոյություն ունի նույնիսկ ածխածնի ոտնահետք հասկացությունը, որը ջերմոցային գազերի արտանետումների այն քանակն է, որն արտադրվում է երկրների, ընկերությունների կամ անհատների գործունեության արդյունքում: Մենք թողնում ենք ածխածնի ոտնահետք, երբ օգտագործում ենք էլեկտրաէներգիա, սնունդ, տրանսպորտային միջոց և այլն։

Էլեկտրական լամպերը, որոնք օգտագործում ենք անգամ երբ դրա կարիքը չի լինում, նույնպես անուղղակիորեն նպաստում են գլոբալ տաքացմանը, քանի որ դրանց էներգիայի արտադրության համար արտանետվում են ջերմոցային գազեր, որոնք, ինչպես վերևում նշվեց, մթնոլորտում ստեղծում են ջերմոցային էֆեկտ՝ թույլ չտալով ջերմության արագ հեռացմանը երկրագնդից։

Որպես անհատ ածխածնի ոտնահետքը հնարավոր է նվազեցնել՝ ավելի քիչ էներգիա սպառելով։

էներգախնայող լուսադիոդային (LED) լամպերը, թեև ավելի թանկ արժեն, սակայն մոտ 75%-ով քիչ էներգիա են ծախսում և ավելի երկար են օգտագործվում, քան համարժեք լուսավորություն ապահովող շիկացման լամպերը։

Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում նույնպես քայլեր է ձեռնարկում։ Կառավարության կողմից հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է՝

  • բարձրացնել էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը,
  • զարգացնել վերականգնվող էներգետիկան,
  • ավելացնել անտառապատ մակերեսը մինչև 20,1%,
  • հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգրադացված հողերը և պահպանել հողի բերրի շերտը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s