Posted in գրականություն

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ Կոմիտասը մեծ դեր խաղաց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն)։ Կոմիտասը նպատակ ուներ ապացուցել աշխարհին, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։ Կոմիտասի ստեղծագործական ոճը շատ յուրահատուկ է։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ, խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր, և դաշնամուրային ժանրի ստեղծագործություններ: Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր։ Նրա կատարումներով մարդիկ մշտապես հիացել են։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ինչպես նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նրա աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին։ Օրինակ՝ Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը և այլն։

Կոմիտասը հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից՝ նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով։

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում: Հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը։ Նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Փարիզում։

Ստեղծագործությունները

«Պատարագ»

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին, Երևանում։ 

Այլ ստեղծագործություններ

Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ու մշակմանը։ Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝ «Ազգային օրհներգը», Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղի ժամը» ոտանավորի երաժշտականացումը վերաբերում են ճեմարանական տարիներին։ Անհամեմատ բարձրորակ են Բեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանական պոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ու խմբերգերը, «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Մայրենի Լեզու» խմբերգը։ Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ ստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն խմբերգը, «Ճեմում էի բուրաստանում» ռոմանսը, «Հայկական ընդհանուր բարեգործական միության քայլերգը» և այլն։
Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում են նաև նրա օպերային մտահղացումները։ Ցավոք, քնարական-կենցաղային «Անուշ», երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները», պատմահայրենասիրական «Վարդան» և դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը»՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի և դաշնամուրի համար։ Այն ծնվել է կոմպոզիտորի և հայ հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունքում։

Կոմիտասի հուշարձանը

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում: Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը: Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s