Posted in Հասարակագիտություն

Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Մարդկային շփումը ամենամեծ շքեղությունն է»

Ըստ իս՝ շատ ճիշտ խոսքեր են։ Իսկապես մարդկային շփումը կարելի է համարել շքեղություն, քանի որ բոլորս տարբեր ենք և յուրաքանչյուրի հետ պետք է տարբեր կերպ շփվել։ Արդյոք բոլո՞րն են օգտվում այդ շքեղությունից, կարծում եմ՝ ոչ։ Եթե բոլորը հասկանային այդ շքեղության իմաստը, ավելի քիչ վեճեր կլինեին։ Մարդիկ կփորձեին լսել և հասկանալ միմյանց։ Յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք ընկալում մարդկանց ասածը։ Ոմանք փորձում են նայել այլ մարդկանց տեսանկյունից, իսկ ոմանք հասկանում են այնպես, ինչպես իրենց է հարկավոր։ Իմ կարծիքով՝ երկրորդ խմբին պատկանող մարդիկ սխալ են, բայց, ցավոք, հասարակության մեծ մասն այդպիսին է։ 

Հիմա, երբ կա համացանց, մարդիկ սկսել են ավելի քիչ շփվել միմյանց հետ։ Մեր օրերում, իրոք, մարդկային շփումը շքեղություն է։ Յուրաքանչյուրս, հասկանալով դա, կփորձենք ավելի շատ շփվել մեր հարազատների և մեր շրջապատի մարդկանց հետ։ 

Այսպիսով՝ ֆրանսիացի բանաստեղծ և գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերին շատ ճիշտ և դիպուկ սահմանել է մարդկային շփում հասկացությունը։

Posted in Հասարակագիտություն

Հայ ծովանկարչներ

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկի, աշխարհահռչակ ծովանկարիչ  Պետերբուրգի, Հռոմի և այլ երկրների, գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։

Այվազովսկին լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։Այվազովսկին հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։

Կենսագրությունը

Մանկություն և պատանեկություն

Նկարչի հայրը՝  Գևորգ Գրիգորի Այվազովսկին (1771-1841) Ղրիմ տեղափոխվելուց հետո ամուսնացել է տեղացի մի հայուհու՝ Հռիփսիմեի (1784-1860) հետ։ Նրանց ընտանիքում էլ ծնվել է ապագա աշխարհահռչակ ծովանկարիչը։ Գևորգի և Հռիփսիմեի ամուսնությունից ծնվել են երեք դուստր և երկու որդի՝ Հովհաննեսը և Սարգիսը։

Ղրիմ ի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր, ուստի երբեմն նկարների տակ ստորագրել է հայերեն։

Հովհաննես Այվազովսկու նկարչական ու երաժշտական ձիրքերն ի հայտ են եկել դեռ մանկական տարիներից։Նա ինքնուրույն սովորել է ջութակ նվագել։ Հովհաննես Այվազովսկու որպես նկարչի տաղանդը, ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա,հետագայում ՝Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։

Ուսում

Սովորել է Ղրիմի հայկական ծխական դպրոցում, հետո ՝ 1830-33 թվականներին ՝ Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում։1833-1837 թվականներին նա պետության հաշվին սովորել է Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիայում։Այվազովսկու նկարչության առաջին ուսուցիչը եղել է գերմանացիների գաղութում բնակվող նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսը։ Այվազովսկին Պետերբուրգ է ժամանել 1833 թվականի օգոստոսի 28-ին։ 1835 թվականին «Ծովը Պետերբուրգի մատույցներում» և «Օդը ծովի վրա» բնանկարների համար արժանացավ արծաթե մեդալի և նշանակվեց ֆրանսիացի մոդայիկ բնանկարիչ Ֆիլիպ Տաների օգնական։Տաներն Այվազովսկու մասին բողոք ներկայացրեց Նիկոլայ Առաջինին, ցարի կարգադրությամբ Այվազովսկու բոլոր գործերը հանվեցին ցուցահանդեսից։ Նկարչին ներում շնորհվեց միայն կես տարի անց, և նա ուղարկվեց մարտանկարչության դասարան՝ պրոֆեսոր Ալեքսանդր Իվանի Զաուերվեյդի մոտ։ Ընդամենը մի քանի ամիս սովորելով Զաուերվեյդի դասարանում ՝ 1837 թվականի սեպտեմբերին Այվազովսկին իր վրձնած «Անդորր» նկարի համար արժանացել է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի։

9-րդ ալիք։ Հովհաննես Այվազովսկի։ 1850 թ.

Ստեղծագործական աշխատանք Ղրիմում և ներկայություն ռազմական գործուղություններին

1838 թվականի գարնանը մեկնեց Ղրիմ, որտեղ անցկացրեց երկու տարի։Ղրիմում նա ոչ միայն ծովանկարներ, այլև մարտանկարներ էր նկարում։ Այվազովսկու վերջին աշխատանքը, որ նա կատարել էր Կովկասյան ռազմաճակատի ափամերձ հատվածի պետ՝ գեներալ Ռաևսկու առաջարկով, հետագայում ձեռք բերեց Նիկոլայ Առաջինը։ 1839 թվականի ամռան վերջին Այվազովսկին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 23-ին նրան շնորհվեց գեղարվեստի ակադեմիայի ավարտական վկայական և, նա ստացավ իր ազնվական առաջին աստիճանը։1839 թվականի գարնանը Հովհահաննես Այվազովսկին մասնակցել Է ռուսական կայսերական զինված ուժերի՝ Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Ս.Պ. Լազարևի, Պ. Ս. Նախիմովի, Վ. Ա. Կոռնիլովի հետ։ Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել է նկարչի կոչման։

Ռուսական և եվրոպական մշակույթի գործիչների ազդեգությունը Այվազովսկու ստեղծագործությունների վրա

Կտավները հիմնականում կրում են ուսուցչի՝ Ս. Ն. Վորոբյովի բնանկարների և Ս. Ֆ. Շչեդրինի ուշ շրջանի ստեղծագործության ազդեցությունը։ Դրանցում զգացվում է նաև ինքնատիպության հասնելու, արտացոլվող լույսի վերարտադրման և տեսարանի ճշգրիտ պատկերման ձգտում։ Նրա արվեստի կազմավորմանն օգնել է նաև իտալացի Ս. Ռոզայի, հոլանդացի Յ. Ռյոյսդալի, ֆրանսիացիներ Կ. Լոռենի, Թ. Կյուդենի և այլոց ստեղծագործությունների ուսումնասիրությունը։ Ծանոթությունը Ա.Ս. Պուշկինի, Վ. Ա. Ժուկովսկու, Ի. Ա. Կռիլովի, Վ. Գ. Բելինսկու, Կ. Պ. Բրյուլովի, Մ. Ի. Գլինկայի հետ նպաստել Է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական կյանքի հետագա ընթացքին, նրա գեղագիտական սկզբունքների ձևավորմանը։

Արևմտյան Եվրոպայում

1840 թվականին ակադեմիան Այվազովսկուն գործուղել Է Արևմտյան Եվրոպա՝ կատարելագործվելու: Եղել է  Իտալիայում,Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման։ Մտերմացել էր Կառլ Բրյուլովի և Միխայիլ Գլինկայի շրջանի արվեստագետների հետ։ 1840 թվականի հուլիսին Այվազովսկին և նրա դասընկեր Վասիլի Շտեռնբերգը մեկնել են Հռոմ։ Ճանապարհին կանգ են առել Վենետիկում և Ֆլորենցիայում։ Վենետիկում գտնված ժամանակ Այվազովսկին այցելել է Սուրբ Ղազար կղզի, տեսակցել է եղբորը՝ Գաբրիելին, իսկ Ֆլորենցիայում ծանոթացել է Գոգոլի հետ։Երկար ժամանակ աշխատել է Հարավային Իտալիայում, մասնավորապես՝ Սորենտոյում, որտեղ էլ մշակել է աշխատանքի իր յուրահատուկ ոճը, որի էությունը հետևյալն էր. բացօթյա մի կարճ ժամանակ աշխատելուց հետո բնանկարն ամբողջացնում էր արվեստանոցում՝ մտովի վերարտադրելով տեսածը և լայն տեղ տալով իմպրովիզացիային։ Այդ կերպ ստեղծված «Քաոս» նկարը գնվեց Գրիգորիոս XVI պապի կողմից, որը նկարչին շնորհեց նաև ոսկե մեդալ։ Այվազովսկու ստեղծագործության իտալական շրջանը, ամբողջությամբ վերցրած, պսակվեց հաջողություններով։ Քննադատները գովեստի խոսքեր էին շռայլում (մասնավորապես՝ նրա գործերի մասին շատ բարձր կարծիք հայտնեց Ուիլյամ Թյորները), Փարիզի գեղարվեստի ակադեմիան նրան պարգևատրեց ոսկե մեդալով, իսկ 1857 թվականին նա արժանացավ Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ Գործերը գերազանց էին նաև նկարները վաճառելու առումով։

1842 թվականի սկզբին Այվազովսկին Շվեյցարիայով և Հռենոսի հովտով ուղևորվեց Հոլանդիա, այնտեղից անցավ Անգլիա, իսկ ավելի ուշ այցելեց Փարիզ, Պորտուգալիա, Իսպանիա։ Բիսկայան ծոցում այն նավը, որով ճամփորդում էր նկարիչը, ընկավ փոթորկի մեջ և քիչ էր մնում խորտակվեր։ Փարիզյան որոշ թերթեր մինչև անգամ գրեցին, թե նավը խորտակվել է, Այվազովսկին էլ՝ զոհվել։ Բայց չորս տարի տևած ճամփորդությունը բարեհաջող ավարտվեց, և Այվազովսկին 1844 թվականի աշնանը, ողջ-առողջ և հռչակ ու փառք վաստակած, վերադարձավ Ռուսաստան։ Այնտեղ նա ստացավ Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում (1887 թվականից՝ պատվավոր անդամ) և նշանակվեց Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։